ԹԱՆԿԱՑՈՒՄ
Գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը զուգահեռ, ինչպես և կանխատեսել էինք, քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացում տեղի չունեցավ: Սակայն դրանից ամենաշատը տուժեցին երթուղայինների ու տաքսիների վարորդները, ովքեր արդեն սեփական շահույթի հաշվին մուծում են գազալցակայաններում թանկացած գազի դիմաց:
Թանկացումը, պարզ է, պետք է տեղի ունենար, սակայն այսօր վարորդները դժգոհում էին այն իրողությունից, որ չնայած մեկ բալոնի լիցքավորման դիմաց արդեն իսկ 300-400 դրամ հավելյալ գումար են տալիս, միաժամանակ գազալցակայաններում գազի ճնշման պակասեցման հետևանքով իրենք ոչ թե 300-400, այլ կրկնակի են վճարում: Մասնավորապես, այսօր բազմաթիվ տաքսու վարորդների հանդիպեցինք, որոնք արդեն իսկ որոշել էին վաղվանից թողնել այդ աշխատանքը, քանի որ գազալցակայանում թանկացած գազը լիցքավորելուց և երթուղի դուրս գալուց հետո պարզ է դարձել, որ իրենց օրական շահույթը չի գերազանցում 1000 դրամը, և, ինչպես նշեց վարորդներից մեկը, ինքն այսօր էլ, հերթափոխը հանձնելիս, տաքսի ծառայությանը պետք է մուծի 4500 դրամ ամենօրյա պլանը: «Դե, եթե ծառայության տիրոջ համար եմ աշխատելու, ավելի լավ է մեքենան վաղը հանձնեմ ու տուն գնամ»: Իսկ հարցին, թե չի՞ վախենում, որ հետո դժվար կլինի աշխատանքի ընդունվելը, պատասխանեց. «Համ ամոթ ա, որ 13 ժամվա աշխատանքից հետո 1000 դրամ վաստակես, համ էլ էս քաղաքում արդեն տաքսիստի աշխատանքը վտանգավոր է դառնում»:
Ի միջի այլոց, ճգնաժամի խորացման հետևանքով քաղաքում ակտիվանում են տնտեսական հողի վրա իրականացվող հանցագործությունները: Օրինակ, քաղաքի կենտրոնական մասում գտնվող խանութի տերերից մեկը (անունը չենք նշում), իր մոտ մայր ու աղջկա որպես վաճառողուհի ընդունելուց տասն օր անց պարզել է, որ այդ ընթացքում ինքը մաքուր 1,5 միլիոնի վնաս է կրել: Փաստորեն, վաճառողի անվան տակ աշխատանքի ընդունված անձինք, երևի լավ մշակված մեխանիզմով, յուրաքանչյուր օր որպես գնորդ մտնող իրենց հանցակիցներին, առանց գումար մուծելու, սակայն ՀԴՄ կտրոնի տրամադրմամբ, որոշակի քանակությամբ ապրանք են տրամադրել և այդ ճանապարհով խանութի տիրոջը 1,5 մլն դրամի վնաս պատճառել: Եվ խանութի տերն այն ժամանակ է հասկացել իրողությունը, երբ հայտնաբերել է խանութում այդ քանակությամբ իբր թե վաճառված, բայց փողի տեսք չստացած ապրանքի բացակայությունը: Իսկ հանցագործները պարզապես կորել են, և նրանց դեռևս հայտնաբերել չի հաջողվել:
Քաղաքի Շենգավիթ համայնքում էլ տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության առաքիչներից մեկը, Գյումրի կատարած ուղերթից հետո, որտեղ չի կարողացել իրացնել հանձնված ապրանքը և բեռնավորված հետ է վերադարձել, առավոտյան պարզել է, որ իր «Ֆորդ» ավտոմեքենայի բեռնախցիկը դատարկ է: Առավոտյան դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի պարզ քննչական գործողություններից հետո հեռացել են, իսկ խեղճ առաքիչը, չհամակերպվելով 1 միլիոն դրամի ապրանքի կորստի հետ, այսօր մահամերձ պառկած է հիվանդանոցում:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ